Երաժշտադուլ

Ինձ մոտ ժամանակ առ ժամանակ գալիս է երաժշտադուլի շրջան, երբ բացարձակապես ոչ մի տեսակի, ոչ մի ժանրի երաժշտություն լսել չեմ ուզում: Նման դեպքերում հաճախ սկզբում ինձ թվում է, թե ուղղակի տվյալ պահի հոգեվիճակիս համապատասխան երաժշտություն չեմ գտնում, դրա համար չեմ ուզում լսել, բայց որոշ ժամանակ անց համոզվում եմ, որ չէ, ուղղակի լռություն եմ ուզում հենց: Իսկ լռությունն ի՞նչ պակաս «երաժշտություն» է որ: Ինձ համար լռությունը ոչ թե երաժշտության կամ ընդհանրապես ձայների բացակայությունն է, այլ առանձին «ձայնավիճակ», որը ես շատ եմ սիրում և հաճախ հենց դա եմ ուզում «լսել» (հիշում եմ, որ սրա մասին էլի եմ գրել): Նման դեպքերում մնացած ամեն ինչն ավելորդ ու դիկոմֆորտ առաջացնող աղմուկ է թվում, որը պետք է անջատվի, որ լռությունը լսելի դառնա: Երաժշտությունն, իհարկե, հրաշք է, առանց որի կյանքը շատ տխուր ու անգույն կլիներ, բայց ոնց գցում-բռնում եմ, ես լռությունը երաժշտությունից շատ եմ սիրում:

Վզնոց ծառի կեղևից

Վերջերս մտածում էի` մի նոր բան փորձեմ, վերջը որոշեցի ծառի կեղևից կուլոն սարքել: Ծառի կեղևն էլ է էն բաներից, որոնց նկատմամբ թուլություն ունեմ: :))) Մինչև վերջերս բավարարվում էի ծառերի բները լուսանկարելով, էս անգամ որոշեցի նաև օգտագործել մոտս հավաքած կեղևներից.

Օգտագործված նյութերը` ծառի կեղև, ակրիլ ներկեր, լաք

Անհատական կոլաժ

Մի քանի տարի առաջ մի գաղափար էր առաջացել գլխումս` կոնկրետ մարդկանց նվիրված կոլաժներ անել` հաշվի առնելով տվյալ մարդու անձը` առանձնահատկությունները, նախասիրությունները, հետաքրքրությունները, ճաշակը, մասնագիտությունը և այլն: Մի քանի օր առաջ վերջապես առիթ ունեցա իրագործելու էդ գաղափարս մի շատ հարազատ մարդու համար ծննդյան նվեր պատրաստելով: Ահագին բարդ ու ժամանակատար գործ դուրս եկավ, բայց հաճույքով եմ արել. կարծես տվյալ մարդու հետ լուռ հաղորդակցություն լիներ: :)))

Կոլաժի բոլոր առարկաներն ու դետալները որոշակի իմաստ ունեն, ինչ-որ բան են խորհրդանշում, պատահական դետալներ ընդհանրապես չկան: Նաև բոլոր բաղադրիչները եռաչափ են. զուտ նկարված
հարթ դետալներ չկան:

Ընդհանրապես եռաչափ կոլաժներ լուսանկարելը շատ բարդ գործ է. ինչ դիրքով էլ նկարում ես, լույսը որ կողմիցու ինչքան էլ ընկնում է, միշտ ինչ-որ դետալներ մնում են ստվերում, լիարժեք չեն երևում: Լուսանկարելու բազմաթիվ փորձերից հետո համեմատաբար ընդունելի ու իրականին մոտ ստացված նկարը սա է, թեև էլի էն չի, բայց դե արդեն անիմաստ էի համարում նոր փորձեր անելը, քանի որ իմ իմացած ու տրամադրությանս տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն արդեն փորձել էի: Ամբողջական պատկերի լիարժեք երևալու բաց լրացրել եմ նաև բոլոր դետալներն առանձին լուսանկարելով:

Չափսը`  30.5 սմ X 40.5 սմ (12″ X 16″)

This image has an empty alt attribute; its file name is img_20200816_1817031542_.jpg



This image has an empty alt attribute; its file name is 2.jpg
This image has an empty alt attribute; its file name is 3.jpg
This image has an empty alt attribute; its file name is 4.jpg
This image has an empty alt attribute; its file name is 5.jpg
This image has an empty alt attribute; its file name is 6.jpg
This image has an empty alt attribute; its file name is 7.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.jpg
This image has an empty alt attribute; its file name is 10.jpg

Ծառ

Աբստրակտ մի բան էի ուզում անել, բայց նկարելու ընթացքում մտքերս ծռվեցին ծառի ուղղությամբ, ու արդյունքում սա ստացվեց. :)))

Մտորումներ հոտերի ու համերի մասին

Երբ 3 տարեկան էի, ծնողներիս հետ ամռանը Սոչի էինք գնացել հանգստանալու: Էսօրվա պես հիշում եմ էնտեղ անցկացրած օրերն` իրենց զանազան մանրամասներով: Հիշում եմ, թե ոնց զարմացա` առաջին անգամ տեսնելով Սև ծովը. այն կանաչ էր, ոչ թե սև, ինչպես սպասում էի` անունից ելնելով: Ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու է անունը Սև ծով, եթե իրականում կանաչ է: Հիշում եմ իմ կանաչ փչովի փրկօղակը, որով լողում էի ափից ոչ շատ հեռու, ծովի ջրի աղի համը, որ հաճախ լցվում էր բերանս, ու թե ինչպես էի սրթսրթալով դուրս գալիս ծովից, ինչպես էր մամաս ինձ փաթաթում սրբիչի մեջ, որի ընթացքում ես դողդողալով արտաբերում էի` պնդուկ եմ ուզում (նկատի ունենալով ծովափին վաճառվող պնդուկը, որը միշտ առնում էինք): Հիշում եմ նաև, թե ոնց էինք մամայիս հետ ավազների մեջից խճաքարեր հավաքում (խճաքարեր հավաքելու նկատմամբ սերս, որ մինչև հիմա նույնությամբ պահպանվել է, հենց էդտեղից է սկսվել): Հիշում եմ էն բնակարանը, որտեղ վարձով ապրում էինք էդ ընթացքում. էդ տան ընտանիքի բոլոր անդամներին եմ հիշում իրենց անուններով` Տոնյա ծյոծյային, Գենա ձյաձյային, նրանց տղային` Ալյոշային, որն ինձնից առնվազն մի քանի տարով մեծ էր, մեծ աղջկան, որը նույնպես ինձնից ահագին մեծ էր, միայն նրա անունն եմ մոռացել, և փոքր աղջկան` Տանյային, որը մոտավորապես իմ տարիքին էր, բայց, ի տարբերություն ինձ, որ կարճ կտրած մազերով էի, ինքը ոսկեգույն հյուսիկներ ուներ: Հիշում եմ բնակարանի ընդհանուր տեսքը` թե միջանցքի որ մասից որ սենյակն էր սկսվում, հյուրասենյակում բազմոցին դրված փափուկ խաղալիքները, որոնցով խաղում էի, միջանցքում կոշիկների համար հատկացված տեղը, որտեղից հաճախ ցրում-հագնում էի Տանյայի шлепанцы-ն (էն թվերին դրանցից միայն մեծահասակների համար կային Հայաստանում, փոքր չափսերի չէին լինում, իմ ուշքն էլ գնում էր դրանց համար. լրիվ անհաս երազանք ոնց որ լինեին, մեր տանն էլ մամայինս ու պապայինս էի հաճախ հագնում ու էդպես ֆռֆռում): Իսկ ահա Տանյան, որ իմ տարիքին էր, ուներ էդ երանելի шлепанцы-ից, ընդ որում` իսկը իմ հագով: Ես էլ` մի մատ երեխա, ո՞նց դիմանայի էդ գայթակղությանը: Հիշում եմ, թե ոնց էր ամեն անգամ, հագիս իր шлепанцы-ն տեսնելով, նվնվան-բողոքական, բայց միաժամանակ մի տեսակ խեղճ-խեղճ, ծոր տալով ասում. “Это мои՛ шлёпки!”, որից հետո ես, հանցանքի մեջ  բռնվածի հնազանդությամբ, խելոք-խելոք հանում էի դրանք ու լուռ վերադարձնում իրեն, որպեսզի հաջորդ հարմար առիթի դեպքում էլի հագնեմ:

Ասում են` մարդիկ հատկապես մանկության հետ կապված հաճախ «կեղծ հիշողություններ» են ունենում, այսինքն` դեպքեր, իրողություններ, որոնք, իբր, շատ լավ հիշում են, բայց իրականում հիշում են ոչ թե անձամբ իրենց ապրածը` տեսածը, լսածը, զգացածը, այլ այն, ինչ դրա մասին իրենց պատմել են ծնողները: Օրինակ, ինչ-որ դեպքի մասին ծնողը կարող է էնքան հաճախ ու էնքան մանրամասն պատմած լինել, որ երեխային սկսի թվալ, թե դա հենց ինքն է հիշում, մինչդեռ նա հիշում է ընդամենը իրեն պատմածը: Պարզապես էդքան շատ լսելով` արդեն էնքան է պատկերացրել, որ այն լրիվ իրենն է դարձել` հավասարվել հենց անձամբ իր ապրածին: Իմ դեպքում էլ, իհարկե, կան նման «հիշողություններ», բայց ես դրանք հստակ տարբերում եմ իմ սեփական հիշողություններից: Իմ հիշողությունների մեծ մասն ինձ ոչ ոք երբևէ չի պատմել, շատ բաներ էլ, եթե անգամ պատմել են, ես իրենց պատմածի հետ կապված էնպիսի մանրամասներ եմ հիշում, որոնք իրենք իսկի չեն էլ իմացել երբևէ: Սոչիի հետ կապված միայն մի կեղծ հիշողություն ունեմ, էդ մեկը միայն մամայիս պատմելով եմ հիշում. տանտերերը հաճախ ոստրեներ էին ուտում, որից ինձ էլ էին տալիս, իսկ մամաս չէր ուտում, քանի որ ծովամթերքից միշտ խորշել է: Այ, էդ ոստրեներ ուտելս իրոք բոլորովին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ մամաս հաճախ է հիշատակել:

Դրանից հետո ծովի մոտ եղել եմ մեկ էլ 26 տարեկանում, ԱՄՆ-ում, այսինքն` 23 տարի հետո: Հիշում եմ, թե ինչ զգացի, երբ էդքան տարի հետո առաջին անգամ ծովի հոտն զգացի: Ոնց որ ժամանակի մեքենայով ակնթարթորեն տեղափոխվեի մանկություն` 3 տարեկան, Սոչի, ծովափ: Դա պարզապես հիշողություն չէր, այլ կարծես բառացիորեն բոլոր բջիջներով տեղափոխվեի էդ իրականություն: Ու մինչև հիմա էլ, ամեն անգամ, երբ ծովի հոտն ընկնում է քիթս, ես ակամա միանգամից տեղափոխվում եմ էնտեղ` տվյալ տեղին ու ժամանակին բնորոշ բոլոր մանրամասներով: Շատ քիչ բաներ կան, որ ի զորու են ինձ էդպիսի թափով ուղարկել էդքան վաղ մանկություն, երբ ես ոչ թե պարզապես հիշում եմ, այլ ակնթարթորեն դառնում եմ տվյալ հեռավոր իրականության մասնիկը: Երևի նրանից է, որ մյուս բոլոր հոտերը ժամանակի ընթացքում հաճախակի զգացել եմ, ու դրանց կապը վաղ մանկությանս հետ արդեն ուղղակի չէ, այլ հետագա տարիներով միջնորդավորված:

Համանման համային հիշողություն էլ ունեմ: Ամեն անգամ իսկապես համեղ (իմ գնահատմամբ` իսկական) մորի (малина) ուտելիս ակնթարթորեն տեղափոխվում եմ տատիկիս ու պապիկիս այգի: Հայաստանում մենք մորի երբեք չէինք առնում. էնտեղ կերածս մորին միշտ եղել է տատիկենցս այգուց քաղածը: Իսկ ԱՄՆ-ում հաճախ ենք առնում ու ուտում, բայց շատ հազվադեպ եմ էստեղի մորուց առնում էն նուրբ ու իսկական համը, որ ուներ տատիկենցս այգու մորին: Էդ պահերին անգամ այգում իրիկվա մեղմ քամուց մորու թփերի տերևների սոսափյունն եմ ակնթարթորեն զգում, ինչպես նաև իրիկնամուտի գույնն ու էն գիտակցումը, որ արդեն ուշ է, ու շուտով պիտի ներս գնանք տուն:

Anne with an E սերիալը

Վաղուց որևէ սերիալի մասին գրառում չեմ արել: Էնքան տպավորված եմ, որ էս մեկի մասին ցանկացա անպայման գրել: :)))

86afebe747e85d9fef0731563bc33e93
Anne with an E սերիալը հիմնված է կանադացի գրող Լյուսի Մոդ Մոնգոմերիի (Lucy Maud Montgomery) վիպաշարի առաջին` «Էննը Գրին Գեյբլից» (Anne of Green Gables) գրքի վրա, թեև սերիալի սյուժեն շատ առումներով շեղված է գրքի սյուժեից (բազմաթիվ նոր կերպարների ներմուծում ու վերջիններիս շուրջ կառուցված նոր սյուժետային գծեր, իրադարձություններ), բայց հիմնական սյուժետային գիծը պահպանված է: Այն պատմում է մի որբ դեռահաս աղջնակի մասին, որին որդեգրում են կանադական փոքրիկ քաղաքում միասին ապրող, երբեք չամուսնացած տարեց քույր ու եղբայր Քաթբերտները, որոնք նախքան Էննին որդեգրելը ապրում էին խիստ միապաղաղ, ձանձրալիության աստիճանի կանխատեսելի կյանքով: Էննի հայտնվելը զգալիորեն փոխում է ոչ միայն նրանց, այլև ողջ քաղաքի կյանքը: Քաղաք եմ ասում, բայց դուք գյուղ հասկացեք, քանի որ առնվազն մեր` հայերիս չափանիշներով այն բոլոր առումներով գյուղ է հիշեցնում:

Սերիալի ողջ ընթացքում ակտիվորեն բարձրաձայնվում են բոլոր հնարավոր հավերժական խնդրահարույց թեմաները`ռասայական, սեռային, սոցիալական խտրականություն ու էլի շատ բաներ: Հատկապես կանանց անկախության ու իրավահավասարության հարցը կարմիր թելի պես անցնում է ողջ պատմության միջով: Ճիշտ է, հաշվի առնելով, որ իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի վերջերին, կարծում եմ` առաջադեմ գաղափարների բարձրաձայնումը ֆիլմում, հաջող ներկայացված լինելով հանդերձ, մի փոքր չափազանցված է տվյալ ժամանակաշրջանի համար, ու մի քիչ դժվար է պատկերացնել, որ էդ թվերին նման հարցերը կարող էին էդպիսի ինտենսիվությամբ ու էդ մակարդակով առաջ քաշվել, այն էլ մի փոքրիկ հետամնաց քաղաքում, բայց անձամբ ինձ էդ հանգամանքը բոլորովին չէր խանգարում, որ սերիալը հավանեմ:

Ես ինքս գիրքը չեմ կարդացել, ամուսինս է վերջերս կարդացել առաջին երեք գրքերը, որից հետո որոշեց սերիալը նայել, ինձ էլ ընթացքում որոշ բաներ պատմել էր, և Էննի կերպարն ու ընդհանուր միջավայրն ինձ ահագին հետաքրքրել էին: Էդպես որոշեցինք միասին նայել սերիալը:

Չեմ հիշում, թե վերջին անգամ մեկ էլ երբ էի էսքան հաճույքով որևէ բան նայել: Չէ, որ մտածում եմ, իրականում կարծես դեռ երբեք ոչ մի սերիալից ու ոչ մի ֆիլմից էս աստիճանի լիարժեք բավականություն ստացած չկամ, էն որ բոլոր բջիջներով վայելում ես ամեն րոպեն, ամեն կադրը: Չգիտեմ` ոնց նկարագրեմ էն բացառիկ ու աննախադեպ դրական հույզերը, որ ապրել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում: Թե՛ գլխավոր հերոսուհու կերպարը, թե՛ երկրորդական կերպարները, թե՛ սյուժեն ու ընդհանուր միջավայրը, թե՛ կերպարների զարգացումը սերիալի ընթացքում, լուծումները` էս բոլորն, ըստ իս, ահավոր սիրուն, գրավիչ ու հյութեղ են մատուցված: Էլ չեմ ասում, որ գլխավոր դերակատարուհու խաղն ուղղակի արտակարգ է (երևի իզուր չի, որ մոտ 1800 հոգուց հենց իրեն են ընտրել դերի համար): Նաև ուշագրավ է էն հանգամանքը, որ թեև սերիալը հագեցած է անարդարության, դաժանության, խտրականության ամենատարբեր դրսևորումներով, բայց դրանով հանդերձ` ընդհանուր բացառիկ ջերմության ու պոզիտիվության մթնոլորտ է տիրում:

ANNE2_201_Day8_SS_089_R-1

Եվս մի հետաքրքիր փաստ. պարզվում է` սերիալի ստեղծմանը մասնակցածների մեծ մասը կանայք են, ու գուցե հենց էդ հանգամանքով են պայմանավորված սերիալում առկա բացառիկ ջերմության ու հոգածության բազմաթիվ դրսևորումները: էնպիսի տպավորություն է, կարծես սերիալը ստեղծողները հատուկ հոգ են տարել, որ ոչ մի կերպար առանց ուշադրության ու ջերմության չմնա:

Գլխավոր հերոսուհու կերպարն ինձ էնքան հոգեհարազատ է, հատկապես վառ երևակայության անհավանական թռիչքներով, որևէ գործի դրվելիս անջատվելու, իրականությունից կտրվելու, երևակայության գրկում ինքնամոռաց սավառնելու ու ժամանակի զգացումը կորցնելու հակումներով, նաև շուրջբոլորը գեղեցիկը տեսնելու ու հիանալու, ամեն «ստից» բանից ոգևորվելու ու երջանկանալու հատկությամբ: Մի տեսակ ոնց որ իմ էքստրավերտ, շատ ավելի ակտիվ ու ավելի համարձակ տեսակը լինի:

Սերիալն ընդհանուր առմամբ ահագին դրական արձագանքներ է ստացել, սակայն չորրորդ սեզոնի նկարահանումը, ցավոք, չեղարկվել է ինչ-ինչ պատճառներով: Բայց երկրպագուներն էնքան ծանր են տարել էդ փաստը, որ լուրջ շարժում են սկսել, անգամ ստորագրահավաք կազմակերպել` պահանջելով հաջորդ սեզոնի նկարահանումը:

Իհարկե, պատկերացնում եմ, որ էս սերիալը որոշ մարդկանց կարող է դուր չգալ, նույնիսկ մոտավորապես պատկերացնում եմ, թե իմ ճանաչած մարդկանցից ում դուր կգա, ում` չէ: Ինքս նկատում եմ որոշ թերություններ, բայց դրանցով հանդերձ` այն ինձ համար արտակարգ լավն է` հուզառատ, ջերմացնող ու ոգեշնչող: Կարծում եմ` պարբերաբար նորից դիտելու ցանկություն կունենամ` նույն ջերմ ու պոզիտիվ հույզերը վերապրելու ակնկալիքով:




fa6c484d8b4d4e5af2bbc09082520f5a7e-10-anne-with-an-e-2.rsocial.w1200



anne_102_day9_kw_0615


AnneEGilbert

maxresdefault (4)

maxresdefault

Ուզում էի թրեյլերն էլ դնել, բայց նայեցի, դուրս չեկավ. մի տեսակ ներվայնացնող տպավորություն էր թողնում: Ես ինքս, եթե նախքան նայելը էդ թրեյլերը տեսնեի, նայելու ցանկությունս առնվազն կպակասեր: :)))

Հետաքրքիր է, բլոգս կարդացողներից որևէ մեկը նայե՞լ է էս սերիալը:

A տառը

Վերջերս երկրորդ անգամ դիտեցի իմ սիրելի The Secret of Kells մուլտֆիլմը ու պատկերներից ոգեշնչված` ցանկացա էդ ոճով մի բան անել. սկզբի համար որոշեցի անվանս սկզբնատառը պատկերել: Էս անգամ էսպես ստացվեց.

clone tag: 7666222036481239497

«Հեչ լավը չի»

Որևէ կոլաժի կամ այլ արվեստի գործի վրա աշխատելիս, երբ ինչ-որ երկընտրանքի առաջ եմ կանգնած լինում, որևէ հարցում չեմ կողմնորոշվում` ոնց վարվել, որ տարբերակն ընտրել կամ ընդհանրապես ինչ անել, որ լավ լինի, Արեգի կարծիքն եմ հարցնում, ոչ միայն որպեսզի իրեն լավ զգա, որ իրեն մասնակից եմ դարձնում, այլև որովհետև իրոք վստահում եմ իր կարծիքին, կարևորում եմ. բավական սուր աչք ունի էդ առումով ու հաճախ շատ տեղին դիտարկումներ ու առաջարկներ է անում:

Էնպես է ստացվել, որ իմ աշխատանքներն Արեգը, որպես կանոն, հավանել է միշտ: Երբ կարծիք եմ հարցրել, միշտ ասել է, որ շատ լավն է, սիրուն և այլն, կամ հենց ինքն է նկատել ու ասել, որ լավն է: Ու միշտ մտածում էի` գուցե մեկ-մեկ դուրը չի գալիս, բայց չի ասում, որ վատ չզգամ, չնայած ես ինքս իր հետ նման հարցերում միշտ ծայրաստիճան անկեղծ ու ազնիվ եմ եղել. երբ իր նկարած կամ սարքած ինչ-որ բան չեմ հավանում, միշտ էլ ասում եմ, երբեք չեմ գովում չհավանածս բանը, դրա համար միշտ հույս ունեմ, որ երբ իմ աշխատանքները գովում է, իսկապես հավանած է լինում:

Մի քանի ամիս առաջ մի կոլաժ էի անում` կոնկրետ ինչ-որ նախագծի ներկայացնելու համար էր, ես էլ մի աշխատանք արդեն ներկայացրել էի, բայց որոշեցի մի ուրիշ բան էլ անել: Դե, սովորականի պես նախագծել էի էսքիզների ալբոմում, բոլոր նյութներն ու առարկաները, որ պիտի օգտագործեի, նախատեսել էի, իմ պատկերացմամբ պիտի որ հետաքրքիր ու յուրօրինակ բան ստացվեր: Բայց, ի զարմանս ինձ, բոլորովին իմ նախատեսածի ու պատկերացրածի նման չստացվեց. կյանքումս առաջին անգամն էր, որ արդեն պատրաստելու բուն պրոցեսի մեջ էի, բայց արածս հեչ դուրս չէր գալիս: Ստեղծագործելիս էդպիսի տհաճ զգացողություն դեռ չէի ունեցել: Կոլաժներ անելիս, որպես կանոն, շատ մանրակրկիտ ու բծախնդրորեն պլանավորում եմ ամեն դետալը` հստակ պատկերացնելով, թե ինչ է ստացվելու արդյունքում, ու, որպես կանոն, արդյունքը իմ պատկերացրածի պես է լինում: Իհարկե, միշտ էլ ընթացքում ինչ-որ բաներ ավելացնում, փոխում կամ հանում եմ, բայց դրանք հիմնականում որոշիչ դեր չեն ունենում վերջնական տեսքի մեջ: Էդ անգամ չգիտեմ` ոնց էր ստացվել, որ էդպես անհաջող էր եղել: Բայց դեռ շարունակում էի աշխատել վրան: Մեկ էլ Արեգը եկավ, մի հայացք գցեց.

– Էս ի՞նչ ես սարքում: Լավը չի:

Անակնկալի եկա, քանի որ առաջին անգամն էր, որ իմ որևէ ստեղծագործության մասին ասում էր, որ լավը չի:

– Հա… Ինձ էլ դուր չի գալիս,- ասեցի մտածկոտ,- Իմ ուզածի պես չստացվեց…

Հետո գնաց իր գործերով, մի քիչ հետո էլի եկավ, մի հայացք էլ գցեց, նորից.

– Մամա, կներես, բայց հե՛չ լավը չի:

:D

– Գիտեմ, արդեն ասեցիր:

Հետո էլի գնաց, մի քիչ հետո էլի եկավ.

– Մամա, չնեղանաս, բայց իսկականից շատ վատն ա:

Արդեն մի քիչ ներվայնացա.

– Արեգ, հասկացանք, արդեն երկու անգամ ասել էիր, ինչի՞ ես հա կրկնում:

– Բա եթե հասկացել ես, որ վատն ա, ինչի՞ ես շարունակում անել:

– Ուզում եմ մի քիչ էլ անել, տեսնեմ` վերջը ինչ կստացվի:

– Բայց սա էնքան վատն ա, որ ինչ էլ անես, մեկ ա, չի դզվելու, ինչի՞ ես իզուր չարչարվում:

Մի խոսքով` ինձ համոզեց, որ լրիվ անհույս գործ եմ բռնել, չնայած ես ինքս էլ գիտեի, ուղղակի ծախսածս ժամանակն ու հատկապես նյութերն էի շատ ափսոսում, հիմնական մասն արդեն արել էի, լիքը նյութեր օգտագործել, բայց իսկապես հեչ հույս չկար, թե ի վերջո մի կարգին բան դուրս կգա դրանից, դրա համար էդպես էլ չավարտեցի: Բայց համ էլ մի տեսակ ուրախացա, որ Արեգն էդքան անկեղծ ու ուղիղ ասեց, որ արածս լավը չի, հատկապես որ ես էլ լրիվ համաձայն էի հետը: :))) Համ էլ էդ ժամանակ ավելի համոզվեցի, որ, ուրեմն, դրական կարծիքների ժամանակ էլ է անկեղծ եղել:

Բայց ամեն անգամ էդ «հեչ լավը չի»-ն հիշելիս ծիծաղում եմ: D